Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ընդդիմության բարդույթներն ու իշխանության ինքնավստահությունը

Ընդդիմության բարդույթներն ու իշխանության ինքնավստահությունը
27.11.2015 | 00:57

Օրերս գերմանական «Դոյչե Վելե» մեդիաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանում առկա բողոքական տրամադրություններին, նկատել էր. «Եթե երկրում աճում է աղքատությունը, և չկա բողոքի պոտենցիալ, ապա դա անառողջ հասարակություն է, այդպես պարզապես չի լինում»։ Այս նկատառումը բավականին արդիական է թվում վերջին ամիսներին ընթացող սահմանադրական հանրաքվեի շուրջ գործընթացների համատեքստում։


Սահմանադրական փոփոխությունների շուրջ զարգացումներն իրենց բոլոր դրսևորումներով՝ քաղաքական, քարոզչական, կազմակերպչական, թերևս լավ փորձադաշտ են գործընթացների մասնակիցների համար, և մասնավորապես՝ յուրահատուկ լակմուսային թուղթ հայաստանյան ընդդիմադիր համարվող ուժերի համար՝ առաջիկա համապետական ընտրություններից առաջ։
Մինչ ընդդիմության տարբեր հատվածների ռազմավարական և մարտավարական գործունեության առանձնահատկություններին անդրադառնալը փաստենք, որ հանգամանքների բերումով և օբյեկտիվորեն ի սկզբանե երկրում ընդդիմադիր ուժերի գործունեության համար բավականին «պարարտ» հող է ստեղծված։ Դրանք պայմանավորված են երկրում առկա չափազանց բարդ սոցիալ-տնտեսական, ծանր բարոյահոգեբանական և գրեթե համատարած հուսալքության մթնոլորտով: Ինքնին տրամաբանական է, որ մի երկրում, որտեղ միայն, պաշտոնական վիճակագրական տվյալներով, բնակչության շուրջ 40 տոկոսն աղքատության շեմին է գտնվում (իսկ իրականում փորձագետներից շատերը նշում են 60 տոկոս ցուցանիշը), պետք է որ առկա լինի հսկայական ընդդիմադիր ընտրազանգված, որն իր վարքագծային առանձնահատկություններով բնորոշվում է որպես բողոքական։ Սովորաբար հասարակության այդ հատվածը, ծայրահեղ դժգոհ լինելով օրվա իշխանություններից և իր սոցիալական ու այլ կարգավիճակներից, մշտապես դիմակայում է իշխանության կողմից առաջարկվող ցանկացած գաղափարի կամ առաջարկության: Այս առումով բողոքական ընտրազանգվածը, որի մի հատվածը ժամանակի ընթացքում նաև լյումպենացվում է, փորձում է ցանկացած պատեհ առիթն օգտագործել իր բացասական վերաբերմունքն իշխանությունների հանդեպ արտահայտելու համար: Բնականաբար, ցանկացած համապետական ընտրություն կամ, ասենք, հանրաքվե չի կարող անտեսվել նրանց կողմից: Ենթադրվում է, որ հենց վերոհիշյալ բողոքական սեգմենտը բավականին լուրջ ու հզոր հենարան կարող է դառնալ այժմ ընթացող սահմանադրական հանրաքվեի ՈՉ-ի շարժման տարբեր քաղաքական և քաղաքացիական ուժերի համար։
Ի սկզբանե սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող տարբեր խմբավորումների հնարավորությունները գնահատելիս թե՛ քաղաքական շրջանակների ներկայացուցիչները, թե՛ փորձագետները պնդում էին, որ ՈՉ-ի շարժման հաջողության գրավականը միասնական ճակատով հանդես գալն է: Ըստ այդմ, այդ դեպքում ռազմավարական և մարտավարական հնարավորություն էր ստեղծվում սահմանադրական փոփոխությունների շուրջ բանավեճը վերածելու ծայրահեղ հակադիր երկու բևեռի՝ ԱՅՈ-ի և ՈՉ-ի քաղաքական սկզբունքային հակամարտության: Հնարավորինս խուսափելով սահմանադրության շուրջ բովանդակային բնույթի քննարկումներից և բանավեճերից՝ ՈՉ-ի միասնական բևեռը պետք է կարողանար ընդհանուր առմամբ անտարբեր հասարակության շահագրգիռ շերտերին, մասնավորապես, բողոքական ընտրազանգվածին հրամցնել այն պարզ գաղափարը, որ հանրաքվեի ընթացքում իրականում քաղաքական ընտրություն է իրականացվում գործող իշխանությանը վերարտադրվելու հնարավորություն տալու և չտալու միջև: Սա, ինչպես արդեն նշեցինք, հաշվի առնելով ընդդիմադիր տարբեր խմբավորումների քաղաքական, կազմակերպչական, ֆինանսական և աշխարհաքաղաքական ռեսուրսները, քաղաքական տեխնոլոգիաների տեսակետից, թերևս, ՈՉ-ի քիչ թե շատ հաջողության գլխավոր նախապայմանը կարող էր լինել։
Սակայն դեռևս խորհրդարանում սահմանադրության նախագծի քննարկման փուլից սկսած՝ պարզ դարձավ, որ ընդդիմադիր հատվածի համար միասնական բևեռի ստեղծումը դժվար իրագործելի գերխնդիր է: Դրա վկայությունն այն էր, որ նույնիսկ ԱԺ-ում խորհրդարանական ընդդիմության տարբեր հատվածներին այդպես էլ չհաջողվեց ներկայանալ որպես խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի կոնսոլիդացված բևեռ: Ընդ որում, տարաձայնությունները ոչ այնքան ընդդիմադիր դաշտում դիրքավորված ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների միջև էին, որքան խմբակցությունների առանձին վերցրած անդամների, քանի որ վերջիններս խոր քաղաքական հակասություններ ունեն սահմանադրական բարեփոխումների շուրջ վերաբերմունքի առումով:
Այս պատկերն այժմ պրոյեկտվում է նաև բուն քարոզչության գործընթացներում, երբ խորհրդարանական «տիտղոսային ընդդիմությանը» միացել են նաև ՈՉ-ի կողմնակից այլ արտաքաղաքական և քաղաքացիական սեկտորի ուժեր: ՈՒ թեպետ իրարից անջատ գործող ընդդիմադիր խմբավորումները, «հին ու բարի ավանդույթի» համաձայն, այս անգամ էլ փորձում են մի ճակատով հանդես չգալու փաստը շղարշել քաղտեխնոլոգիական և մարտավարական խոր մտածված հաշվարկներով, այնուհանդերձ, անզեն աչքով էլ նկատելի են բավականին լուրջ մարտավարական տարբերությունները, որոնք գրեթե անհնար են դարձնում մի ճակատով հանդես գալու հնարավորությունը: Ընդդիմության մարտավարական տարաձայնություններին անդրադառնալիս ուրվագծվում է պայքարի առնվազն 4 շերտ։
Մարտավարություն առաջին. կան ուժեր, որոնք, պասիվ բոյկոտի կոչ անելով, հորդորում են հանրությանն ընդհանրապես չմասնակցել հանրաքվեին։ Այստեղ ամեն ինչ հասկանալի է. եթե քիչ թե շատ հաջողվում է այդ բոյկոտը, այսինքն՝ ստանում են 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի «ուրվականների քաղաքի» սցենարը, կարողանում են դիվիդենդներ սեփականաշնորհել։ Իսկ չհաջողելու դեպքում միշտ էլ կարելի է ասել, թե իրականում «ուրվականների քաղաքի» ֆոնին գրանցվեցին կեղծիքներ՝ ինչպես 2005 թվականին։
Մարտավարություն երկրորդ. ընդդիմության մյուս թևը փաստացի նույնպես բոյկոտի, բայց նրա ակտիվ տեսակի կողմնակից է։ Դրա վառ ներկայացուցիչ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ անունը կրող թևն առաջարկում է կոշտ պայքար տանել փողոցում, ցուցաբերել ակտիվ դիմադրություն, քաղաքացիական անհնազանդություն և այլն՝ հերթական անգամ հանրությանը խոստանալով հեղափոխական սցենարներ։
Մարտավարություն երրորդ. այս ճակատը հանդես է գալիս հիմնականում ՀԱԿ-ՀԺԿ դուետի տեսքով, որի ասելիքը հետևյալն է՝ պետք է մասնակցել սահմանադրական հանրաքվեին, բայց գնալ ընտրատեղամասեր և մերժել նախագիծը՝ այդպիսով Ո՛Չ ասելով ռեժիմին, Ո՛Չ իշխանության վերարտադրությանը, Ո՛Չ Սերժ Սարգսյանին։ Այս դուետի ամբողջ գաղափարախոսությունը, այդ թվում՝ երբեմն շատ կրեատիվ հեռուստատեսային քարոզչությունը, հիմնված է այդ գաղափարի վրա։
Մարտավարություն չորրորդ. սրա կրողները, այսպես կոչված, տիտղոսային ընդդիմության մեջ չմտնող, առավելապես անհատներից կազմված ՈՉ-ի կողմնակիցներն են, ովքեր, օգտվելով «ԱՅՈ և ՈՉ» իրապատման հեռուստատեսային նախագծի ընձեռած հնարավորությունից և մասնակցելով ռեալիթի շոուի հետաքրքիր ձևաչափով քարոզչությանը, օրական 10-12 ժամ առցանց ռեժիմով, ուղիղ եթերում ոչ միայն բարձրաձայնում են իրենց ՈՉ-ը, այլև փաստացի բավականին լուրջ քարոզչական քայլ են անում ապագա խորհրդարանական ընտրությունների համար։ Հասկանալի է, որ 10-12 ժամ եթերում գտնվող հանրությանը համեմատաբար անհայտ մարդը նույնիսկ մեկ շաբաթից կարող է դառնալ ճանաչելի։ Իսկ արդեն քաղաքական կապիտալ ունեցողը, ինչպես, օրինակ, Հրանտ Բագրատյանն է, կարող է է՛լ ավելի մեծացնել վարկանիշը։
Մարտավարական այս խայտաբղետ ներկապնակում փոքր-ինչ առանձնանում է ընդդիմության այն հատվածը, որը, սահմանադրական հանրաքվեի շուրջ գործընթացներն ի սկզբանե բնութագրելով որպես կեղծ քաղաքական օրակարգ, հայտարարեց, որ չի մասնակցելու քաղաքական այդ միջոցառմանը։ Եվ ինչպես այդ ուղղության կրող «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության ոչ ֆորմալ առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է ասում, մինչ խորհրդարանական առաջիկա ընտրությունները զբաղվելու են ինստիտուցիոնալ ընդդիմադիր ուժի ձևավորմամբ:
Սրանք են թերևս ընդդիմության գծած հիմնական սցենարները, որոնց հիմքում, ինչպես տեսնում ենք, մարտավարական բավականին լուրջ տարաձայնություններ կան, ինչն ի վերջո գրեթե անխուսափելիորեն բերում է ընդհանուր ռազմավարության բացակայության։ Իրավիճակն ընդդիմադիր ճամբարում բավականին սրում են նաև ՈՉ-ի հիմնական դերակատարների՝ շատ դեպքերում իրար հակադիր աշխարհաքաղաքական ընկալումները՝ սկսած ՀԱԿ-ի ընդգծված ռուսամետ կողմնորոշումից մինչև «Նոր Հայաստանի» նույնպես ընդգծված արևմտամետությունը և այլն։ Իսկ միմյանց նկատմամբ ունեցած որոշակի բարդույթները անգամ ստիպում են նրանց երբեմն քաղաքական տեխնոլոգիական և քարոզչական սխալներ թույլ տալ։ Օրինակ, ոչ մի կերպ չի արդարացվում այն, որ նույն խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող հայտնի գործիչները չեն օգտվում «ԱՅՈ և ՈՉ» ռեալիթի շոուի բացառիկ հնարավորությունից՝ բարդույթավորվելով իշխանության որևէ նախագծի մասնակցելուց։ Նույն տրամաբանությամբ չպետք է օգտվեն նաև անվճար կամ վճարովի եթերաժամերից, որը նրանց ընձեռում են իշխանության կողմից վերահսկվող հեռուստաալիքները…
Ամեն դեպքում ակնհայտ է, որ ընդդիմադիր թևերից ոչ մեկն այսօր ինքնաբավ չէ: Ավելին, ընդդիմության այսօրվա կազմակերպչական, ֆինանսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, ինչպես նաև կադրային ռեսուրսներն ակնհայտորեն որևէ լուրջ անհանգստություն իշխանական ճամբարում չեն առաջացնում։ Հավանաբար նաև դա է պատճառը, որ իշխանությունը, իրատեսորեն վերլուծելով իրադրությունը, գնացել է աննախադեպ ռիսկի՝ ըստ էության բացարձակ չանհանգստանալով, որ ընդդիմադիրները կարող են օրական 10-12 ժամ լինել եթերում։ Փաստորեն, իշխանությանը բնավ էլ չի մտահոգում, որ դա կբերի բողոքական ալիքի ռեզոնանսի, ինչպես սովորաբար լինում էր նախկինում ավելի կենսունակ ընդդիմության առկայության պարագայում։ Այս պայմաններում իշխանություններն ուղղակի թուլացնում են ամրագոտիները՝ չվախենալով, թե որևէ սպառնալիք կունենան իրենց հակառակորդներից։
ՈՉ-ի դիրքերից հանդես եկող թևերի թույլ, անկարող կարգավիճակը փոշիացնում է ընդդիմադիր ձայները, ջլատում իշխանությունների նկատմամբ բացասաբար տրամադրված ընտրազանգվածին։ Եվ բավականին մեծ բողոքական ընտրազանգվածը, տեսնելով, որ հերթական անգամ անտեր է մնում, սկսում է փնտրել այլընտրանքներ։ Այդ այլընտրանքը շատերի համար դառնում է արդեն ավանդական դարձած ընտրակաշառքը։ Եվ միայն փոքր տոկոսն է գալիս ընտրատեղամաս ու քվեարկում իր ՈՉ-ի օգտին։ Ահա այս տեխնոլոգիայով է 60-65 տոկոսը քվեարկության ժամանակ սովորաբար վերածվում լավագույն դեպքում 20 տոկոսի։

Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 59328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ